ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Կուբանի մայրաքաղաքում բացվել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը։ Այն տեղադրվել է քաղաքային դումայի պատգամավորների որոշմամբ։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի վարչակազմի մամուլի ծառայությունը։
«Ռուս նշանավոր ծովանկարչի հինգ մետրանոց քանդակը՝ առագաստանավով և թռչող ճայով, ալիքի տեսքով պատվանդանի վրա... Հուշարձանը նվիրված է նկարչի ծննդյան 205-ամյակին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այն կերտել են ճարտարապետ Անդրեյ Շիպունովը և քանդակագործ Կոնստանտին Ֆիլիպովը: Բրոնզից պատրաստված ինստալյացիան ստացել է «Ծովի մեղեդի» անվանումը։ Հինգ մետր բարձրությամբ հուշարձանի ստեղծման նախաձեռնողը Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարությունն է: Հովհաննես Այվազովսկին Կրասնոդարում երբեք չի եղել:
Ռուսաստանում նկարչի առաջին հուշարձանը բացվել է նրա տան (հիմա պատկերասրահ է) առջև` Թեոդոսիայում, 1930-ին: Եվս երկու հուշարձան տեղադրվել է Սիմֆերոպոլում և Կրոնշտադտում։