Ինչու են գիտնականները եզրակացրել, որ շատ մտածելը վնասակար է

Մտածողը
Ֆրանսիացի նյարդակենսաբանների ուսումնասիրությունների արդյունքների համաձայն` գրասենյակային աշխատանքից ավելի շատ կարելի է հոգնել, քան ուժային վարժություններից։
Sputnik
Փարիզի Պիտյե-Սալպետրիեր համալսարանական հիվանդանոցի մասնագետները պարզել են, որ ուղեղի տևական և ինտենսիվ գործունեությունը վնասակար է առողջության համար։
Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Current Biology» ամսագրում։
Ըստ նրանց` երկարատև կոգնիտիվ աշխատանքի հետևանքով թունավոր նյութերը կուտակվում են գլխուղեղի կեղևի նախաճակատային հատվածում։ Իսկ դա հանգեցնում է պահվածքի փոփոխության. թուլացնում կենտրոնացումը, կոգնիտիվ հոգնածություն է առաջանում։

«Ընդունված է համարել, որ հոգնածությունը ուղեղի ստեղծած պատրանքն է, որը ստիպում է ուշադրությունը տեղափոխել մեկ այլ` ավելի հաճելի գործունեության վրա։ Սակայն մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ կոգնիտիվ աշխատանքը ֆունկցիոնալ փոփոխությունների է հանգեցնում. այն է` վնասակար նյութերի կուտակման, այդ պատճառով էլ հոգնածությունն իսկապես կարող է ազդակ դառնալ և ստիպել դադարեցնել աշխատանքը, բայց մեկ այլ նպատակով` գլխուղեղի աշխատանքի ամբողջականությունը պահպանելու համար»,- ասում է աշխատության հեղինակ Մատիաս Պեսիլիոնեն։

Ուսումնասիրության ընթացքում թիմը 40 մասնակիցներին բաժանել է «թեթև» և «ծանր» խմբերի։ Նրանք մտավոր առաջադրանքներ են կատարել աշխատանքային ամբողջ օրվա ընթացքում 10 րոպեանոց երկու ընդմիջումներով։
Գիտնականները մասնակիցների ուղեղի կենսաքիմիան չափել են մագնիսառեզոնանսային սպեկտրոսկոպիայի օգնությամբ։ Պարզվել է, որ ծանր առաջադրանք կատարող մարդկանց նախաճակատային կեղևում ավելի շատ է գլուտամատ կուտակվում։ Գլուտամատը կենտրոնական նյարդային համակարգը գրգռող նեյրոհաղորդիչ է։
Ուղեղին օգնելու համար ֆրանսիացի գիտնականը խորհուրդ է տալիս հանգստանալ և քնել։ Բացի այդ, նյարդակենսաբանը հորդորում է շատ հոգնած ժամանակ կարևոր որոշումներ չկայացնել։ Շատ ավելի ճիշտ կլինի, եթե դա արվի թարմ ուղեղով։
Գիտնականները քիմիաթերապիայից կրկնակի արդյունավետ միջոց են գտել թոքերի քաղցկեղի դեմ