ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը շտապ վերադարձել է արձակուրդից։ Տեղեկությունը նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Հայտնել էինք, որ արդեն երկու ժամ է, ինչ մի քաղաքացի նռնակով և ատրճանակով զինված մտել է Մասիսի քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն էր տեղի ունեցել։
«Քիչ առաջ, տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ: Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա»,–գրել է նա։
Ի դեպ, ըստ լուրերի` շենքի ներսում գտնվող անձը Մասիսի ավագանու նախկին անդամ է։
Հավելենք, որ այս պահին ոստիկանությունն ու ԱԱԾ–ն շարունակում են գործողություններ իրականացնել Մասիսի քաղաքապետարանի շենքի մոտ։
Հիշեցնենք` Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ անձը որևէ պահանջ չի ներկայացրել, հայտարարություն չի արել։ Նրա խոսքով` այդ պահին շենքում աշխատակիցներ չեն եղել, միայն պահակն է եղել, որն էլ դրսում է արդեն։