ՀԱՊԿ երկրները պետք է միասին ապահովեն տարածաշրջանի անվտանգությունը. ՌԴ ԱԻՆ ղեկավար

Ալեքսանդր Կուրենկով
ՌԴ նախարարը կարծում է, որ ցանկացած ճգնաժամ տեխնածին և մարդասիրական աղետների առաջացման ռիսկ ունի, որոնց դեմ միայնակ պայքարելը դժվար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրները պետք է համատեղ ապահովեն պետությունների և տարածաշրջանի անվտանգությունը, այդ թվում` բնական և տեխնածին աղետներից։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի նիստում։
Արտակարգ իրավիճակների գծով ՀԱՊԿ անդամ երկրների համակարգող խորհրդի 13-րդ նիստը, որը նախագահել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը, կայացել է օգոստոսի 18-ին Մոսկվայում։
ՌԴ նախարարը հայկական կողմին ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։ Նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ պայթյունի հետևանքով մահացածների, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ-ի նախկին ղեկավար Եվգենի Զինիչևի։

«ՀԱՊԿ անդամ երկրներից պահանջվում է համաձայնեցված և համատեղ միջոցներ ձեռնարկել մեր պետությունների և ընդհանուր առմամբ տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար, այդ թվում` բնական և տեխնածին աղետներից»,- նիստի ժամանակ ասել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը։

Ըստ նրա` կարող է թվալ, որ ԱԻ գծով գերատեսչությունները երկրորդական դեր են խաղում ՀԱՊԿ]ում, սակայն դա այդպես չէ։
«Մենք լավ գիտենք, որ ցանկացած ճգնաժամ, լինի դա ռազմական գործողություն, թե հակամարտություն պետության ներսում, իր մեջ մեծածավալ տեխնածին և մարդասիրական աղետների առաջացման ռիսկ է պարունակում, որոնց դեմ միայնակ պայքարելը դժվար կլինի»,- հավելել է Կուրենկովը։
ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։