Հայաստան–Վրաստան առևտրաշրջանառությունն անցյալ տարվա համեմատ աճել է 97 տոկոսով. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը «Բարեկամություն» կամրջի բացմանը
Հայաստանի ու Վրաստանի վարչապետները մասնակցել են «Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային բարդ իրավիճակում հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում ակնառու աճ է արձանագրվել։ Այսօր հայ-վրացական սահմանին «Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա ընթացքում 97 տոկոսով աճել է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը։
Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այդ ցուցանիշը շարունակական ու հետևողական աշխատանքի արդյունք է։
«Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն ավելի մեծ ներուժ, և մեր աշխատանքով պետք է կարողանանք այդ ներուժը օգտագործել։ Համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում»,– ասաց Փաշինյանը։
Հարաբերությունների հետագա զարգացման համար վարչապետը կարևորեց հաղորդակցության, տրանսպորտային ուղիների բարելավումը։
«Ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական ու ժամանակից պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հիմք է ստեղծում հետագա ծավալուն համագործակցության համար»,– ասաց Փաշինյանը` խոսելով նորակառույց կամրջի կարևորության մասին։
«Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողությանն այսօր մասնակցել են երկու երկրների վարչապետները` Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարության ղեկավարները հանդես են ելույթներով։
Հիշեցնենք` կամրջի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի մայիսին։
Կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից, յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11.85 մ է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 8.35մ, յուրաքանչյուր կամրջի երկարությունը՝ 160 մ:
Կամրջի կառուցման արժեքը ինը մլն եվրո է, Հայաստանը և Վրաստանը 50/50 ֆինանսավորել են այն՝ տրամադրելով չորսուկեսական մլն եվրո։