Էրդողանը Զելենսկուն առաջարկել է նրա և Պուտինի հանդիպումն անցկացնել Թուրքիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն ուղղված իրենց աջակցությունը շարունակվելու է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Զապորոժիեի ԱԷԿ–ում տիրող իրավիճակը և խնդրել նրան կոնկրետ միջոցներ ձեռնարկել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երեկ Էրդողանը Լվովում հանդիպում է ունեցել Վլադիմիր Զելենսկու և ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշի հետ։
«Զապորոժիեի ԱԷԿ–ի թեման իրականում պատահական չէ։ Նախ` ՄԱԳԱՏԷ–ն պետք է ուշադիր հետևի այդ աշխատանքներին և որոշակի ծանրաբեռնվածություն վերցնի իր վրա։ Քանի որ դա սպառնալիք է։ Երբ ես ասացի`մենք չենք ուզում նոր Չեռնոբիլ վերապրել, դա նկատի ունեի։ Այդ հարցը մենք կքննարկենք հարգարժան պարոն Պուտինի հետ և նրան հատուկ կխնդրենք, որպեսզի Ռուսաստանն իր ներդրումն ունենա այդ առումով որպես ամբողջ աշխարհում խաղաղությանն ուղղված կարևոր քայլ», – լրագրողներին Լվովից վերադառնալիս ինքնաթիռում ասել է Էրդողանը։
Էրդողանը հայտարարել է նաև, որ Լվովում բանակցությունների ընթացքում Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է նրա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպել Թուրքիայում։
«Մեր հանդիպումների ընթացքում պարոն Զելենսկու հետ քննարկեցինք երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը։ Իհարկե, մեր բանակցությունների գլխավոր թեման էր պատերազմը, որը արդեն շուրջ կես տարի է գնում է։ Եվս մեկ անգամ հայտարարեցի, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն ուղղված մեր համերաշխությունն ու աջակցությունը շարունակվելու են։ Ես նաև հայտարարեցի, որ մենք կշարունակենք նպաստել պատերազմի հանգուցալուծմանը դիվանագիտական և բանակցությունների ճանապարհով», – ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նշել է նաև, որ սիրիական խնդրի առնչությամբ մշտապես կապի մեջ է Վլադիմիր Պուտինի հետ։