Արմեն Փամբուխչյանը պարզաբանել է` ինչու է չեղարկել մոսկովյան այցը

Արմեն Փամբուխչյան
Հայաստանի կողմից նախարարի փոխարեն Արտակ Ղազարյանն է մասնակցել ՀԱՊԿ նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը պարզաբանել է, թե ինչու չի մեկնել Մոսկվա` մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների` արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 13-րդ նիստին և 3-րդ միջազգային հրշեջ-փրկարարական համաժողովին:
«Պայմանավորված «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով` չեղարկվել է այցս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։
Փամբուխչյանը հավելել է, որ Հայաստանի կողմից իր փոխարեն ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փրկարար ծառայության գնդապետ Արտակ Ղազարյանն է մասնակցել նիստին։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների համակարգող խորհրդի 13-րդ նիստը, որը նախագահել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը, կայացել է օգոստոսի 18-ին Մոսկվայում։ ՌԴ նախարարը հայկական կողմին ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։ Նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ պայթյունի հետևանքով մահացածների, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ-ի նախկին ղեկավար Եվգենի Զինիչևի։