ԱՄՆ–ն Եվրոպային սովի, ցրտի և մեկուսացման է դատապարտում. Վոլոդին

Վյաչեսլավ Վոլոդին
Քաղաքական գործիչը նշել է, որ եվրագոտում գնաճը ռեկորդային 8,9%–ի է հասել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ն պատրաստ է ամեն բան անել աշխարհի նկատմամբ իշխանությունը պահպանելու համար` զոհաբերելով քաղաքացիների բարեկեցությունն ու Եվրոպայի տնտեսությունը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«ԱՄՆ–ում այսօր գազի 1000 խմ–ն 333 դոլար է։ Վաշինգտոնը գազը Եվրոպային է վաճառում 7.3 անգամ բարձր գնով`ոչ մրցունակ դարձնելով ԵՄ երկրների տնտեսությունը», – Telegram–յան ալիքում գրել է Վոլոդինը։
ՌԴ Պետդումայի խոսնակի խոսքով` եվրագոտում գնաճը ռեկորդային 8,9%–ի է հասել։
Նա հավելել է, որ եվրոպական պետությունները Վաշինգտոնի ճնշման տակ են ընդունել ռուսական էներգակիրներից հրաժարվելու, Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը խզելու և ՌԴ քաղաքացիների մուտքն արգելելու որոշումները։
«Եվրոպայում նրա քաղաքականությունն իրականացնողը Անգլիան է, որը «գցել» է ԵՄ–ին, և այն երկրները, որոնց ինքնիշխանությունից միայն անունն է մնացել` Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան։ Ամերիկյան «ողորմությունը» ստանալու հույսով ռուսատյաց այս կոալիցիան համալրել են Լեհաստանը, Չեխիան և Ֆինլանդիան», – նշել է Վոլոդինը։
Նշենք, որ Լոնդոնի ICE բորսայի երեկվա տվյալներով` Եվրոպայում գազի գները աճուրդի արդյունքում 1000 խմ–ի դիմաց մոտ 2500 դոլար են կազմել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի հայտարարությունից հետո ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 176-րդ օրը։