Թուրքիան կօգնի վերականգնել Ուկրաինայի ենթակառուցվածքները․հուշագիր է ստորագրվել

Առևտրային կենտրոն Ուկրաինայում. Արխիվային լուսանկար
Կիևն ու Անկարան առաջիկայում վերականգնման հարցերով համատեղ հանձնաժողով կձևավորեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Թուրքիան կօգնի վերականգնել Ուկրաինայի ենթակառուցվածքները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությանը։
Նշվում է, որ այսօր Լվովում Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը և Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ, որը նախատեսում է թուրքական կողմի մասնակցությունը Ուկրաինայի վերականգնմանը:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ ենթադրվում է, որ թուրքական բիզնես կառույցներն ու պետական հաստատությունները վերականգնման կոնկրետ նախագծեր կիրագործեն, ինչպես նաև խորհրդատվական և տեխնիկական աջակցություն կցուցաբերեն:

«Ակնկալում ենք, որ շատ շուտով կունենանք համատեղ վերականգնման կոնկրետ գործնական արդյունքներ»,- հայտարարել են նախարարությունում:

Արդեն մոտ ժամանակներս կստեղծվի վերականգնման հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որը կմշակի թուրքական ներդրումների ներգրավման մեխանիզմները, ինչպես նաև համագործակցության կոնկրետ ծրագրեր:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պատվիրակությունը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, օգոստոսի 18-ին ժամանել է Լվով։ Թուրքիայի առաջնորդը բանակցություններ է վարել ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։