«Սուրմալուի» մոտ ԱԻ նախարարի խորհրդականի մեքենայից գողացել են դրամապանակը. Կոստանյան

ԱԻ նախարարի մամուլի խոսնակն ընդգծեց` դեպքը տեղի է ունեցել առևտրի կենտրոնում պայթյունի հենց առաջին օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում անհայտ անձը կամ անձինք կոտրել են արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանի մեքենայի ապակին և գողացել վերջինիս դրամապանակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Դեպքը եղել է առևտրի կետրոնում տեղի ունեցած պայթյունի հենց առաջին օրը։ Այդ պահին նախարարը խորհրդականի հետ դեպքի վայրում է եղել, որոշ ժամանակից վերադարձել է մեքենայի մոտ ու հայտնաբերել, որ մեքենայի ապակին կոտրված է, իսկ դրամապանակը` գողացված»,- նշեց Կոստանյանը։

Նրա խոսքով` տեղյակ չէ, թե որքան գումար է եղել դրամապանակում։
Սարգսյանը դիմել է ոստիկանություն, սակայն մինչ այս պահը նորություն չկա։ Շեշտեց` այդ տարածքում տեսախցիկներ չկան, հավանաբար հենց այդ պատճառով է դժվարանում հանցագործի հայտնաբերումը։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, 2 քաղաքացու դեռ որոնում են։