ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 0։0 ավարտեց Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ փուլի առաջին հանդիպումը Մոլդովայի «Շերիֆի» հետ։
Հանդիպման մեկնարկը թիմերն անցկացրին ոչ արագ տեմպով։ Երկու կողմերի մոտ էլ զգացվում էր զգուշություն։ Իրոք խաղի նշանակությունը շատ մեծ է թիմերի համար։ Բայց և՛ «Փյունիկը», և՛ «Շերիֆը» առիթը բաց չէին թողնում գրոհելու, ու գրոհն էլ դարպասին ուղղված հարվածով ավարտելու։ Խաղի ներքին լարվածությունը շատ բարձր մակարդակի վրա էր։ Տպավորություն կար, թե երկու թիմերն էլ սպասում էին, որ մրցակիցը սխալվի, ու օգտագործեն սխալը։ Վրիպումներ եղան, բայց սխալներ, որոնք կարող էին դարպասի գրավման պատճառ դառնային չկային։
«Փյունիկ»–«Շերիֆ» հանդիպումը
© Sputnik / Asatur Yesayants
Մինչև ընդմիջում թիմերը այդպես էլ, ռեալ գոլային պահ չստեղծելով, հանգստանալու գնացին, այնպես ինչպես սկսել էին խաղը՝ 0։0 հաշվի պայմաններում։
Եվրոգավաթներում այս մրցաշրջանում «Փյունիկը» չորրորդ խաղն էր անցկացնում(Չեմպիոնների լիգայում` երեք խաղ), բայց մեր թիմին ոչ մի կերպ չի հաջողվում գրավել մրցակցի դարպասը սեփական հարկի տակ։ Մեր թիմն ավելի ակտիվացրեց երկրորդ կեսը։ Տեմպը բարձրացավ։
Դրվագներից մեկում «Շերիֆի» պաշտպանը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, բայց իսպանացի մրցավար Ալեխանդրո Էռնանդեսը խախտում չտեսավ։ VAR- համակարգն այս դրվագում հաստատ կստիպեր իսպանացուն փոխել իր որոշումը և ցույց տալ նշակետը, որովհետև «Շերիֆի» պաշտպանը պարզած ձեռքով կասեցնում էր գնդակը։ Բայց VAR-համակարգ այս խաղում չէր օգտագործվում, հետևաբար մրցավարի որոշումը մնաց անփոփոխ։
«Փյունիկը» որոշակի խնդիրների առաջ կանգնեց, երբ վնասվածքի պատճառով խաղադաշտը թողեցին Զորան Գայիչն ու Լուկա Յուրիչիչը։ Եվ սա անհանգստացնող է, քանի որ անկախ ամեն ինչից, առջևում թիմերի պատասխան խաղն է։ Իսկ խաղավերջում էլ կարծես թե վնասվածք ստացավ մեր պաշտպան Գոնսալեսը։ Բայց քանի որ բոլոր փոփոխությունները «Փյունիկի» կազմում կատարվել էին, Գոնսալեսը մնաց խաղադաշտում։ Խաղն ավարտվեց ինչպես և սկսվել էր՝ 0։0 հաշվով։
«Փյունիկի» ու «Շերիֆի» միջև պատասխան հանդիպումը կայանալու է Քիշինևի Զիմբրու մարզադաշտում, ուղիղ մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 25-ին։