ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Էրզրումում ընթացող բռնքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակիչի ուղեգիր է ապահովել։
Կիսաեզրափակիչում հաղթանակ է տոնել ու եզրափակիչ դուրս եկել Չարբախի մարզադպրոցը ներկայացնող Սամվել Սիրամարգյանը։
Մեր մարզիկը վստահ հաղթանակ է տարել իտալացի Լորենցո Պոլեցիլիի նկատմամբ։
Բոլոր երեք ռաունդների ընթացքում Սիրամարգյանը եղել է նախաձեռնողի դերում, արդյունքում բոլոր մրցավարները հաղթանակը միաձայն շնորհել են մեր մարզիկին։
Եզրափակիչում Սիրամարգյանի մրցակիցը ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոն է։
Այս առաջնությունում մեր պատանիներն արդեն 6 մեդալ են ապահովել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-21-ը Թուրքիայում անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ: