«Միշտ ուրախ ենք նրան ընդունել». Կարեն Գիլոյանը` Եվգենյա Մեդվեդևայի` Երևան այցի մասին

Եվգենյա Մեդվեդևան. Արխիվային լուսանկար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը մեկնաբանել է գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևայի հավանական այցը Երևան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայաստանում միշտ ուրախ են գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևային ընդունել, սակայն դրանով պետք է զբաղվի ՀՀ գեղասահքի ֆեդերացիան։ Այս մասին Metaratings.ru պարբերականին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը։

«Ես համակարգում եմ սպորտը Հայաստանում և հնարավորություն չունեմ Մեդվեդևայի հավանական այցի հարցերին խառնվելու, թեպետ շատ եմ սիրում նրան։ Նա հիանալի մարզիկ է, մեր հայրենակիցն է, մենք միշտ ուրախ ենք նրա ընդունել։ Սակայն դրանով պետք է զբաղվի մեր երկրի ոլորտային ֆեդերացիան»,- ասել է նա` մեկնաբանելով ԶԼՄ-ներում հրապարակված այն տեղեկությունները, որոնց համաձայն, գեղասահորդուհին հավանաբար սեպտեմբերին կժամանի Երևան՝ մասնակցելու պատանեկան Գրան պրիին։

Գիլոյանն ընդգծել է, որ Հայաստանում վարպետության դասընթացներին անպայման ռուսաստանցի գեղասահորդներ կլինեն։
«Տարբեր սառցե շոուներ են լինելու։ Մենք միշտ բաց ենք բոլորի համար»,- ասել է նա։
Գեղասահքի պատանեկան Գրան պրիի 2022/23 մրցաշրջանի չորրորդ փուլը Երևանում կանցկացվի սեպտեմբերի 21-24-ը։