Կրակոցներ Էջմիածնում. մեկ մարդ մահացել է, կա նաև վիրավոր

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև մահացածի, վիրավորի և վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Էջմիածնում այսօր կրակոցներ են հնչել։ Մեկ մարդ մահացել է, մեկ անձ էլ վիրավոր է։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը` հավելելով, որ ոստիկանության Վաղարշապատի բաժին և ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 21:40-ի սահմաններում։
Տեղեկացրել են, որ Էջմիածին քաղաքի Գնունյանց փողոցում ավտոմեքենաներ են բախվել: Նշված վայրից 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «յաշիկ», որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր:
Վաղարշապատի ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ «յաշիկի» վրա կրակոցներ են արձակել Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցում, ու մեքենայի վարորդը վիրավոր վիճակում այն վարել է դեպի հիվանդանոց, որտեղ էլ տեղի է ունեցել վթարը:
Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ ավտոմեքենայի մեջ՝ արնանման հետքեր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև մահացածի, վիրավորի և վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածի հայրը ոստիկանության նախկին աշխատակից է եղել: