ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ կիբեռհանցավորության հակազդման գլխավոր վարչության պետի տեղակալ Կիրիլ Վյատկինի գլխավորությամբ այսօր աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Պատվիրակությանն ընդունել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ժամանակակից կիբեռտիրույթում առկա սպառնալիքներն ու մարտահրավերները, փորձի փոխանակման նպատակով ներկայացվել կիբեռհանցավորության դեմ պայքարում երկու երկրների հաջողությունները:
Նշվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում ոչ մի երկիր ի զորու չէ միայնակ հակազդելու կիբեռհանցագործություններին, և այս ոլորտում միջազգային համագործակցության հետագա ամրապնդումն այլընտրանք չունի:
Բելառուսական պատվիրակությունը այցելել է նաև Քրեական ոստիկանության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, ծանոթացել ստորաբաժանման աշխատանքին: