ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում առավոտյան 08։30-ից մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք իրականացվում են ենթադրվող էպիկենտրոնային հատվածում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Ըստ տեղեկությունների ենթադրվում է, որ այնտեղ քաղաքացի կա և ողջ ուժով աշխատանքներ ենք իրականացնում։ Զոհերից մեկը դեռևս նույնականացված չէ։ Մեզ համար առաջնային է նաև այն հարցը, որ կարողանանք ինժեներական աշխատանքները կատարել այնպես, որպեսզի որոնողափրկարարական աշխատանքներին ոչինչ չխանգարի։ Այս ամենից հետո կքննարկվի շինության հետագա հարցը»,– նշեց Փամբուխչյանը։
Նրա խոսքով` պայթյունի և հրդեհի հետևանքով առաջացել է հարվածային ալիք, ինչն էլ որոնողափրկարարական աշխատանքների առումով բարդություններ է առաջացնում։
Նախարարը նշեց, որ օրեր շարունակ այնտեղ գոլորշիացում է եղել, շանսերն էլ հուսադրող չեն։ Փամբուխչյանը վստահեցրեց` ամեն ինչ արվում է, որպեսզի ենթադրյալ էպիկենտրոնի հատվածը բացազատեն, օգտագործեն կինոլոգների շներին ու փրկարարները կարողանան մուտք գործել տվյալ հատված` որոնումներն իրականացնելու համար։
«Պաասխանատու կերպով հայտարարում եմ, որ այս ընթացքում մասնագիտական գիտելիքների, մարդկային ներուժի ու տեխնիկայի պակաս չի եղել»,– ասաց նախարարը։
Անդրադառնալով տուժած փրկարարներին, որոնք դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել, նա նշեց, որ հիվանդանոց է տեղափոխվել 2 փրկարար, որոնցից մեկը ոտքն էր վնասել, մյուսն էլ շատ էր ծխահարվել։ Երկուսն էլ երկրորդ օրը դուրս են գրվել հիվանդանոցից։
Եվս 7-ը փրկարար հենց առաջին օրը ծխահարվել էր, սակայն ավելի թեթև, և հիվանդանոցի կարիք չի եղել, մի քանիսն էլ պրոֆիլակտիկ թթվածին են շնչել։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-ը և 18-ը հայտարարվել են սգո օրեր։ Սգո օրերին հանրապետությունում խոնարհվում են պետական դրոշները, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։