Այս պահին չունենք որևէ ատրակցիոն, որը ստացել է շահագործման բացասական եզրակացություն։ Ի պատասխան վարչապետի` կառավարության նիստին արած հայտարարության, այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ երկրում գործող կարուսելները ինչ-որ պահի կարող են աղետի հանգեցնել, հետևաբար հորդորեց հստակ ստանդարտներ սահմանել և կոմպրոմիսների չգնալ։ Նրա խոսքով` ինչքան էլ տեղեկանքներով ամեն ինչ նորմալ լինի, բայցևայնպես վիզուալ նայելու դեպքում ակնառու է, որ մեր կարուսելների 70 տոկոսն աղետի կոնկրետ նախանշան է։
Ասլանյանը նշեց, որ տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում թերություններ են հայտնաբերվել հիմնականում վերելակների աշխատանքում, ինչի կապակցությամբ տրվել են հետագա շահագործման վերաբերյալ բացասական եզրակացություններ։ Երևանում կա այդպիսի վեց, իսկ մարզերում մեկ վերելակ։
«Օրենսդրության համաձայն` յուրաքանչյուր վտանգավոր օբյեկտ պետք է տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվի տեխնիկական անվտանգության փորձաքննության։ Այս պահին ԱԻՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում կան գրանցված 212 ատրակցիոններ, որոնցից 134-ը գտնվում են Երևանում, մյուսները` մարզերում։ Մայրաքաղաքում շահագործման դրական եզրակացություն է ստացել թվով 89 ատրակցիոն, իսկ մարզերում` 50 ատրակցիոն։ Փորձաքննություններն իրականացվել են 2022 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում։ Մյուսները տարեկան փորձաքննության ենթարկվել են տարբեր ժամկետներում, այդ թվում՝ նախորդ տարվա ընթացքում, և նրանց տրված եզրակացության ժամկետները դեռ չեն ավարտվել»,- պարզաբանեց Ասլանյանը։
Նրա տեղեկացմամբ` անհրաժեշտության դեպքում ստեղծվում է փորձագիտական խումբ, որն այցելում է արտադրական վտանգավոր օբյեկտներ, տեղում ուսումնասիրում անվտանգության բոլոր հանգույցները, անվտանգության հրահանգներին առնչվող փաստաթղթերը, աշխատակիցների որակավորման մատյանները, և եթե հայտնաբերվում են խախտումներ, որոնք վտանգի աղբյուր չեն հանդիսանում, ապա թերությունների վերացման վերաբերյալ տրվում է միջոցառումների ծրագիր, ինչպես նաև սահմանվում է ժամանակացույց։
«Թերությունների վերացման դեպքում, ինչի մասին գրավոր ծանուցում է օբյեկտի սեփականատերը, իրականացվում է կրկնակի փորձաքննություն, և եթե իսկապես թերությունները շտկվում են, ապա հանձնաժողովը տալիս է հետագա շահագործման դրական եզրակացություն, իսկ եթե թերությունն անմիջապես դեպքի սպառնալիք է հանդիսանում, հենց տեղում տրվում է բացասական եզրակացություն»,- մանրամասնեց փորձագետը։
Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում կա 24032 գրանցված օբյեկտ, որոնցից մինչ օրս փորձաքննություն են անցել և դրական եզրակացություն ստացել 8499-ը։
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է փորձաքննություն ԱԻՆ-ի ռեեստրում գրանցված արտադրական վտանգավոր օբյեկտներում։ Խոսքը ոչ միայն կարուսելների մասին է, այլև վերելակների, շարժասանդուղքների, ճոպանուղիների, գազալիցքավորման կայանների, բենզալցակայանների։