ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայաստանը եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Համլետ Պատուրյանի մարզադպրոցի սան 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը հերթական հաղթանակը գրանցեց։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Խաչիկ Խաչատրյանի սանը կիսաեզրափակիչում մրցեց Իռլանդիայի ներկայացուցիչ Ավեյ Մոլոյի հետ։ Իռլանդացիները մինչ այս պարտություն չէին կրել կիսաեզրափակիչում, բայց Համեստը ցույց տվեց, թե ինչպես պետք է հաղթել իռլանդացիներին»,– ասված է հաղորդագրությունում։
Նա շատ գրագետ մենամարտ անցկացրեց` տեղ հասցնելով նպատակային և դիպուկ հարվածները։ Համեստն առաջին ռաունդում հաղթեց 3։2 հաշվով, երկրորդում մեծացրեց ճնշումը` 5։0 ։ Երրորդ ռաունդից հետո մրցավարները հաղթանակը միաձայն շնորհեցին ՀՀ ներկայացուցչին։
Երզափակիչում Համեստ Աֆրիկյանը կմրցի անգլիացի Սերենա Մալիի հետ։
Ավելի վաղ մեդալներ են ապահովել նաև 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը և 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-21-ը Թուրքիայում անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ: