Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Երևանը Հայաստանի ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքների ցանկում է, քանի որ հենց այստեղ է կենտրոնացած արդյունաբերական ձեռնարկությունների առյուծի բաժինը։ Մայրաքաղաքի մթնոլորտի աղտոտման աղբյուրներն են նաև տրանսպորտը, էներգետիկան և քաղաքաշինությունը:
Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները առանձնացրել են Երևանի առավել աղտոտված շրջանները։ «Հուլիսի մոնիթորինգի արդյունքներով ամենաաղտոտվածն են համարվում Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջանները»,- Sputnik Արմենիայի գրավոր հարցման ի պատասխան հայտնել են բնապահպանության նախարարությունից։
Մթնոլորտային օդի աղտոտման թեման նոր չէ, այն բազմիցս բարձրացրել են բնապահպաններն ու փորձագետները: Հուլիսին այդ հարցին անդրադարձել էր նաև ՀՀ գլխավոր դատախազությունը՝ մատնանշելով վերջին հինգ տարիների ընթացքում հանրապետությունում փոշու և ազոտի երկօքսիդի արտանետումների աճը։
Բնապահպանության նախարարությունն իր հերթին հայտնել էր, որ մշակել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Գերատեսչությունում հույս ունեն, որ դա կօգնի փոխել մթնոլորտային օդի հետ կապված իրավիճակը երկրում։ Առավել ևս, որ 2014 թվականից ի վեր օրենքում փոփոխություններ չեն կատարվել։
Ո՞ր վնասակար նյութերն են գերակշռում Երևանի օդում, և ինչո՞ւ է դա այդպես
Մայրաքաղաքի բնակիչներին ամենից շատ խանգարում է փոշին, որը մեծ մասամբ տարածվում է բազմաթիվ շինհրապարակներից՝ քամու պատճառով։ Դրա վրա ազդում են նաև քաղաքի չոր կլիման և կանաչապատման անբավարար ծավալները։
Շրջակա միջավայրի նախարարությունում հաստատել են, որ վերջին ժամանակներս մայրաքաղաքի օդում փոշու բարձր խտություն է նկատվում։ Որոշ դեպքերում փոշու մասնիկների պարունակությունը 3-4 անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ)։ Ժամանակ առ ժամանակ նկատվում են նաև ազոտի երկօքսիդի կոնցենտրացիայի՝ ՍԹԿ-ից գերազանցումներ։
Ինչպես հայտնեցին գերատեսչությունից, փոշու կոնցենտրացիայի՝ ՍԹԿ-ից գերազանցումներ դիտվում են հիմնականում Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջաններում։ Դա են հաստատում նաև վերջերս՝ հուլիսին իրականացված ուսումնասիրությունները։
«Հուլիսին չորս վարչական շրջաններում՝ Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք, Շենգավիթ, դիտարկումների 56%-ում դիտվել են ՍԹԿ-ից գերազանցումներ»,-ասված է Sputnik Արմենիայի հարցման պատասխանում։
Գերատեսչությունից նշում են, որ մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրներն են շինարարությունը, արդյունաբերությունը, հատկապես ոչ մետաղական հանքերի գերշահագործումը։ Աղտոտման պատճառների շարքում են նաև ավտոտրանսպորտային արտանետումները, աղբավայրերի բաց այրումը, աղբի և բուսազանգվածի այրումը, տնային տնտեսությունը, հոսանքի ստացման համար բնական գազի այրումը։
Նախարարությունից նաև պարզաբանել են, որ ըստ 2020 թվականի պաշտոնական վիճակագրական տվյալների՝ մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի ընդհանուր քանակի առյուծի բաժինը՝ մոտ 83.4%-ը, բաժին է ընկնում ածխաջրածիններին, 8.1%-ը՝ փոշուն, 4.1%-ը՝ ածխածնի մոնօքսիդին, 2.4%-ը՝ ազոտի օքսիդներին, 0.99%-ը՝ ծծմբի երկօքսիդին, 1.0%-ը՝ այլ նյութերին (ներառյալ՝ ցնդող օրգանական միացությունները (ՑՕՄ) և ծանր մետաղները)։
Շարժական աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը 2020 թվականին կազմել է 209.2 հազար տոննա, որի մոտ 72.3%-ը բաժին է ընկնում ածխածնի մոնօքսիդին (խեղդող գազ), 17.2%-ը՝ ցնդող օրգանական միացություններին, 10.0%-ը՝ ազոտի օքսիդներին։
Հայաստանի ամենաաղտոտված քաղաքները․ի՞նչ քայլեր են ձեռնարկվում
ՀՀ-ում օդի աղտոտվածության մոնիթորինգ իրականացվում է 10 քաղաքներում, որտեղ առկա են 15 դիտակայաններ։ Ըստ այդմ՝ 2021 թվականի ընթացքում իրականացված դիտարկումների արդյունքում առավել աղտոտված են Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան և Արարատ քաղաքները։
Մասնավորապես, մոնիթորինգի արդյունքում փոշու (դեպքերի 40%-ում), ծծմբի երկօքսիդի (դեպքերի 28%) պարունակությունը ՍԹԿ-ն ամենաշատը գերազանցել է Վանաձորում։ Այնուհետև հաջորդում է Հրազդանը, որտեղ փոշու ՍԹԿ-ի գերազանցում է գրանցվել դեպքերի 34%-ում, իսկ ծծմբի երկօքսիդի ՍԹԿ-ի գերազանցում հայտնաբերվել է դեպքերի 6%-ում, ազոտի երկօքսիդինը՝ 4%-ում:
Ալավերդիում փոշու ՍԹԿ-ի բարձր ցուցանիշներ եղել են մոնիտորինգի դեպքերի 29%-ում, իսկ ծծմբի երկօքսիդինը՝ 20%-ում։ Արարատում փոշու պարունակությունը օդում ՍԹԿ-ն գերազանցել է դեպքերի 32%-ում, ծծմբի երկօքսիդը՝ 7%-ում, իսկ ազոտի երկօքսիդը՝ 2%-ում: Գյումրիում փոշու ՍԹԿ-ի գերազանցում եղել է դեպքերի 12%-ում, ծծմբի երկօքսիդի գերազանցում՝ 13%-ում, ազոտի երկօքսիդի գերազանցում՝ 10%-ում:
Գերատեսչությունից նշել են, որ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օրենքով սահմանված կարգով օդի աղտոտվածությունը կանխելու և վերացնելու ուղղությամբ: Բնապահպանության նախարարությունից հիշեցնում են, որ գերատեսչությունն արդեն հանդես է եկել մթնոլորտային օդի բարելավման օրենսդրական նախաձեռնությամբ, որը հավանության է արժանացել կառավարության կողմից:
Նախագիծը կքննարկվի խորհրդարանի արդեն սեպտեմբերյան նստաշրջանում։ Նոր նախագծով օրենքում մի շարք հայեցակարգային առաջարկություններ են ավելանում, որոնց մի մասը կհանգեցնի գործընթացի խստացմանը, իսկ մյուս մասը, ընդհակառակը, կմեղմացնի գործող ընթացակարգերը։