ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը 5 օր առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ ցավակցություն է հայտնել։ Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ կյանքեր, ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար։ ՀՀ–ում հայտարարված սգո այս օրերին՝ ի հիշատակ տեղի ունեցած ողբերգության զոհերի, խորապես ցավակցում եմ զոհվածների հարազատներին և կիսում կորստյան վիշտը: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին ու տուժածներին»,– ասված է հաղորդագրությունում։
Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի աշխատակիցներին, բժիշկներին, այլ պատկան մարմինների աշխատակիցներին, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներին և կամավորներին՝ անձնուրաց շխատանքի համար։
Խաչատուրյանը քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին և իրավասու մարմիններին հորդորել է մշտապես լինել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-ը և 18-ը հայտարարվել են սգո օրեր։ Սգո օրերին հանրապետությունում խոնարհվում են պետական դրոշները, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։