ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ուկրաինացի ազգայնականները հենակետեր են տեղակայել ԴԺՀ-ի Տորեցկ բնակավայրի երաժշտական ուսումնարանի և մշակույթի պալատի շենքերում։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Մերձակա տարածքում հրետանու և համազարկային կրակի դիրքեր են կահավորել, որտեղից պարբերաբար գնդակոծում են մերձակա բնակավայրերը, ընդ որում՝ խաղաղ բնակիչներին արգելված է լքել իրենց տները, ազգայնականները փաստացի նրանց օգտագործում են որպես կենդանի վահան»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Միզինցևը:
Բացի այդ, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կուրախովկա բնակավայրում ազգայնականները դպրոցի տարածքում կահավորել են կրակային դիրքեր, տեղադրել ծանր տեխնիկա, հրետանային զենքեր և ՀԿՌՀ-ներ։ Գեներալն ասել է, որ հաստատության մերձակայքն ականապատված է, սակայն տեղի բնակչությունն այդ մասին միտումնավոր կերպով չեն զգուշացրել։
Դնեպրում, ըստ ՌԴ ՊՆ տվյալների, մասնավոր տների տարածքում ուկրաինացի զինծառայողները ծանր զրահատեխնիկայի դիրքեր և զինամթերքի պահեստներ են տեղակայել, ընդ որում՝ այդ շրջանից քաղաքացիական բնակչության տարհանում չի իրականացվել:
Բացի այդ, Նիկոլաևում ազգայնականները արդյունաբերական մասնագիտական ուսումնարանի շենքում զորանոց ու հենակետ են կահավորել, հաստատության մատույցներում բլոկպոստներ են տեղակայվել և կրակակետեր են կահավորել:
Խարկովում համալսարանի հանրակացարանում տեղակայվել են Ուկրաինայի զորքերի ստորաբաժանումները, զինամթերքի պահեստ են սարքել, հարակից տարածքում մեծ թվով զրահատեխնիկա կա:
«Չնայած Կիևի ռեժիմի կողմից ստեղծվող խոչընդոտներին, անցած օրվա ընթացքում, առանց ուկրաինական իշխանությունների մասնակցության, Ուկրաինայի վտանգավոր շրջաններից և Դոնբասի հանրապետություններից Ռուսաստանի Դաշնության տարածք տարահանվել է 26 601 մարդ, այդ թվում՝ 4 726 երեխա, իսկ ընդհանուր առմամբ հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր՝ 3 473 546 մարդ, որոնցից 555 128-ը երեխաներ են»,-ասել է Միզինցևը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 175-րդ օրը։