Էջմիածնում հոգեհանգստի կարգ է կատարվել «Սուրմալուում» պայթյունից զոհվածների համար

Էջմիածնում հոգեհանգստի կարգ է կատարվել «Սուրմալուում» պայթյունից զոհվածների համար
Արարողությունը կատարվել է Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Մինչ արարողությունը Մայր աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետալի իրադարձությանը, հորդորել է հայորդիներին միասնական լինել և աջակցել միմյանց այս ծանր ու դժվարին փորձությունը հաղթահարելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Եկեղեցականներն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել զոհվածների հոգիների հանգստության, ինչպես նաև պայթյունից տուժածների շուտափույթ ապաքինման համար։
Մարդիկ աղոթում են զոհվածների հոգիների հանգստության համար
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, 2 հոգու դեռ որոնում են։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-ը և 18-ը հայտարարվել են սգո օրեր։ Սգո օրերին հանրապետությունում խոնարհվում են պետական դրոշները, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։