Աշխարհում ցորենի գները ՄԱԿ-ի պարենի գործարքից հետո նվազել են

Ցորենի դաշտ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գործարքը քննարկել է Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների հետ Լվովում կայացած բանակցությունների ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Աշխարհում ցորենի գները, այսպես կոչված` պարենային գործարքի կնքումից հետո նվազել են 8%-ով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Լվով քաղաքում այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եռակողմ հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաեւ պարենային գործարքի հարցը։
«Մենք նկատում ենք, որ պարենային ապրանքների համաշխարհային շուկաները սկսում են կայունանալ: Համաձայնագրերի ստորագրումից հետո ցորենի գները նվազել են 8 տոկոսով»,- ասել է Գուտերեշը:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պարենային ապրանքների գների ինդեքսը հուլիսին նվազել է 9%-ով, ինչը ամենամեծ անկումն է 2008 թվականից ի վեր։
Հուլիսի 22-ին Ստամբուլում բազմակողմ համաձայնագրեր են ստորագրվել արտահանման համար ռուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանման դյուրացման վերաբերյալ։ Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանում սևծովյան երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից: