ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն հնարավոր ամեն բան անում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հաստատմանը նպաստելու համար։ Այսօր ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախկինում հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների ղեկավարների հետ։
«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Կոչ ենք արել անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և կողմերի միջև հետագա սրումը կանխելու համար», - ասել է Փրայսը:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ վերջին սրացումը հերթական անգամ վկայում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հիմնարար խնդիրների կայուն և համապարփակ լուծման անհրաժեշտության մասին։ Միացյալ Նահանգները, ըստ Փրայսի, շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ համագործակցության տարբերակին: Ըստ նրա` Վաշինգտոնը շարունակելու է համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրամիության համախոհ գործընկերների հետ և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահության շրջանակում։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։