Որոնվող քաղաքացին պայթյունի պահին եղել է մուտքի մոտ. դեպքի վայր սեյսմոլոգների են հրավիրել

«Սուրմալուն» պայթյունից հետո
ԱԻ փոխնախարարը հայտնեց` աշխատանքներն ավարտելուց հետո շենքն ամբողջությամբ ապամոնտաժվելու է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած 2 քաղաքացիներից մեկն այդ պահին գտնվել է առաջին հարկի մուտքի մոտ։ Այս մասին այսօր դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշա Գրիգորյանը` հիշեցնելով, որ այս պահին ունենք 2 որոնվող քաղաքացի և 16 զոհ, որոնցից մեկի ինքնությունը դեռևս չի պարզվել։
«Այսօր որոնողափրկարարական աշխատանքներ ենք իրականացնելու շինության մոտակա հատվածներում։ Դա լրացուցիչ բարդություններ է առաջացնում, քանի որ փլուզման վտանգ կա, կան փլատակներ։ Մասնագետներ ենք հրավիրել սեյսմիկ ծառայությունից և մասնավոր ընկերությունից, որպեսզի փրկարարներն էլ չտուժեն»,–ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով` այս պահին հովացման աշխատանքներ են կատարվում շինության շրջակայքում, որպեսզի փրկարար շներն ու կինոլոգները կարողանան որոշակի աշխատանքներ կատարել։
Գրիգորյանը հավելեց, որ տարածքի 70 տոկոսը մաքրվել է, և աշխատանքներն ավարտելուց հետո շենքն ամբողջությամբ ապամոնտաժվելու է։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։