ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Տոկիոյի Օլիմպիադայի և Պարալիմպիադայի կազմկոմիտեի նախկին ղեկավար Հարույուկի Տակահասին ձերբակալվել է խոշոր կաշառք ստանալու կասկածանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը:
Հուլիսի վերջին դատախազության ներկայացուցիչները խուզարկել էին Տակահասիի տունը։ Բացի այդ, խուզարկություններ են կատարվել Dentsu ընկերության գլխամասային գրասենյակում, որը ներգրավված է եղել Տոկիոյի Օլիմպիադայի հովանավորների ընտրության գործընթացում և որի ղեկավարն էր Տակահասին:
Տոկիոյի խաղերի կազմկոմիտեի նախկին ղեկավարը կասկածվում է 45 մլն իեն կաշառք ստանալու մեջ, ինչն այդ պահին կազմում էր մոտ 400 հազար դոլար, իսկ ներկայիս փոխարժեքով ՝ շուրջ 330 հազար դոլար: Հետաքննությունը կարծում է, որ Տակախասիի գլխավորած ընկերությունը նման գումար է ստացել Օլիմպիադայի հովանավորից՝ տղամարդկանց հագուստի և համազգեստի Aoki ընկերությունից՝ խորհրդատվական պայմանագրի համաձայն: Հենց այդ ժամանակ AOKI-ին օլիմպիական տարբերանշանով պաշտոնական համազգեստների անընդմեջ պատվերներ է ստացել։
Կազմկոմիտեի տնօրենը, որպես պետական ծառայող, քրեական օրենսգրքի համաձայն, իրավունք չունի վարձատրություն ստանալ իր աշխատանքի հետ կապված գործունեության համար: Դա արգելված է նաև միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից։
Տակախասին իր մեղքը չի ընդունում՝ պնդելով, որ խորհրդատվական ծառայությունների բնույթը վերաբերում էր ընդհանրապես սպորտին, այլ ոչ թե Օլիմպիադային։