ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողական աշխատանքները դադարեցվել են մինչ առավոտ։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքների դադարեցումը պայմանավորված է այն տեղանքով, որտեղ ենթադրաբար տեղի է ունեցել պայթյունը։
«Այդ հատվածում փլուզման վտանգն ավելի մեծ է։ Շտաբի կողմից որոշվել է գիշերային ժամերին աշխատանքները դադարեցնել, բայց լույսը բացվելուն պես կվերսկսվեն»,- նշեց Կոստանյանը։
«Սուրմալուի» պայթյունի հետևանքով այս պահին կա 16 զոհ, որոնցից մեկի ինքնությունը հայտնի չէ։ ԱԻՆ խոսնակը հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նմուշառում է վերցվել։ Նրա տեղեկություններով՝ 5 օրվա ընթացքում անձի ինքնությունն արդեն պարզված կլինի։
Կոստանյանի խոսքով՝ փաստացի այս պահին մեկ անհետ կորած կա, որը ենթադրաբար գտնվել է պայթյունի գոտում։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։