ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն բոլոր այն քաղաքացիներին, որոնք «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, հորդորում է չօգտագործել դրանք։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
«Հորդորում ենք նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: Միաժամանակ հավելում ենք, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանքներ»,– նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։