ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը սգում է «Սուրմալուի» ողբերգության հետևանքով մահացածների համար, սակայն միջազգային հանդիպումը չեն կարող հետաձգել։ Այսօր նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Օգոստոսի 18-ին «Փյունիկը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը կանցկացնի Տիրասպոլի «Շերիֆի» հետ:
«Մենք սգում ենք, սա բոլորիս համար ողբերգություն է։ Եթե լիներ ներքին առաջնության խաղ, ապա կարող էինք խնդրել, որ չկայանա հանդիպումը։ Այս դեպքում միջազգային խաղ է, որոշումը մենք չենք կայացնում»,- ասել է Մելիքյանը։
Նա ընդգծել է, որ այս ծանր պահին պետք է բոլորս միասնական լինենք։
«Եթե չենք կարող հետաձգել խաղը, ապա այս տխուր պահին պետք է ինչ-որ մի բանով ուրախացնենք հայ ժողովրդին»,- նշել է նա։
Մելիքյանը խոսել է թիմի հաղթելու հնարավորությունների մասին։ Նա շեշտել է՝ թեպետ գործ ունեն լուրջ հակառակորդի հետ, բայց «Շերիֆին» հաղթելն իրենց ուժերից վեր չէ։
«Պետք է ճիշտ պատրաստվենք։ Տակտիկապես լավ թիմ է, բայց ունեն նաև թույլ կողմեր, որոնք պետք է օգտագործենք։ Մենք պատրաստ ենք վաղվա խաղին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» 11 մետրանոցներով 4:3 հաշվով հաղթեց ռումինական «Կլուժին»: Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Երկրորդ փուլում երևանցիները 2 խաղերի արդյունքում հաղթեցին լյուքսեմբուրգյան «Դյուդելանժին»՝ 4:2 հաշվով: Որակավորման երրորդ փուլում Երևանի թիմը պարտվեց սերբական «Ցրվենա Զվեզդային» (0:5 և 0:2) և դուրս եկավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ:
Ամեն դեպքում «Փյունիկն» ապահովել է իր տեղը լիգայի խմբային փուլում։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։