ՄԱԿ-ի առաքելությունը կոչ է արել Բելգրադին և Պրիշտինային կառուցողական երկխոսություն վարել

ՄԱԿ–ի անդամ երկրների դրոշներ
Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարն ընդգծել է, որ փոխզիջումը բոլորի համար կայունության ու բարեկեցության միակ ճանապարհն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության (UNMIK) ղեկավար Կարոլինա Զիադեն Սերբիայի ղեկավարությանն ու ինքնահռչակ հանրապետության իշխանությանը կոչ է արել ԵՄ-ի միջնորդությամբ առաջիկա բանակցություններում կառուցողական մոտեցում ցուցաբերել փոխզիջման որոնման հարցում:

«Բրյուսելում Բելգրադի ու Պրիշտինայի միջև բարձր մակարդակի հանդիպումից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ և Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Կարոլինա Զիադեն կոչ է արել կողմերին կառուցողական կերպով աջակցել ԵՄ հովանու ներքո երկխոսության կայացմանը», - հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով UNMIK-ի մամուլի ծառայությանը:

Զիադեն նշել է, որ կողմերը պետք է աշխատեն մնացած հարցերի լուծման ուղղությամբ՝ օգտագործելով «անցած 11 տարիների ընթացքում աշխատածը, որ լրացնեն բանակցություններում դժվարությամբ ստացված արդյունքները»:
ՄԱԿ-ի առաքելության ղեկավարն ընդգծել է, որ երկխոսությունն ու փոխզիջումը բոլորի համար կայունության ու բարեկեցության միակ ճանապարհն են:
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ օգոստոսի 18-ին Բելգիայի մայրաքաղաքում նախատեսված են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ու Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության «վարչապետ» Ալբին Կուրտիի բանակցությունները: Բելգրադում և Պրիշտինայում ԱՄՆ դեսպանությունները ողջունել են երկխոսության հերթական փուլը։