ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հաղորդում է ներկայացրել Թուրքիայի դատախազություն։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber.am-ը։
Պատգամավորի դեմ սպանություն է ծրագրվել դեռ 2016 թվականին, որը, սակայն, խափանվել է։ Փայլանի փաստաբան Մեհմեթ Սինան Ինջեն ինստագրամյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ զենք էր տարվելու խորհրդարան, և Կարո Փայլանը սպանվելու էր։
Փայլանի խոսքով՝ թեպետ Ինջեի գրառումից արդեն երկու շաբաթ է անցել, բայց դատախազությունը դեռևս համապատասխան քայլեր չի ձեռնարկել։
«Փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն իր գրառումներում բացահայտել է, որ պետության ներսի որոշ մութ կենտրոններ 2016 թվականին իմ դեմ սպանություն են ծրագրել, և այդ ծրագիրը խափանվել է այլ կենտրոնների կողմից։ Չնայած այս բացահայտումից անցել է երկու շաբաթ՝ իրավապահ մարմինները, որոնք պետք է հետաքննություն սկսեին, գործի չեն անցել»,- նշել է Փայլանը։
Նա հավելել է, որ իր դեմ սպանության ծրագրի բացահայտման համար է հաղորդում ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն։