Դեպի ծով ելք չունեցող երկրների պարագայում առաջին հերթին պետք է օգտագործվի տնտեսական դիվանագիտությունը, որպեսզի ձևավորվի ընդհանուր շահեր ունեցող համախոհ երկրների ճակատ, նրանք պետք է պահանջ ներկայացնեն այն երկրներին, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները, որոնք դեպի ծով ելք չեն տրամադրում հարևաններին կամ տրամադրում են խախտումներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Ըստ նրա` պետք է հաշվի առնել երկու գործոն` երկրներ, որոնք վավերացրել են շրջանակային համաձայնագրերն ու միջազգային կոնվենցիաները, և երկրներ, որոնք գտնվում են այդ վիճակում։ Հայաստանը նշված երկու կարգավիճակներին համապատասխանում է, չունի ելք դեպի ծով և արդեն իսկ վավերացրել է միջազգային երեք կոնվենցիաները, որոնցում ամրագրված է ճանապարհ տրամադրելու հանգամանքը։
«Միջազգային փաստաթղթերում հստակ պահանջ է ներկայացվում առ այն, որ ծովափնյա երկրները պարտավոր են ճանապարհ տրամադրել դեպի ծով ելք չունեցող պետություններին, ընդ որում` անվճար։ Մեր դեպքում այդ պահանջը չի կատարում Թուրքիան, իսկ Վրաստանը տրամադրում է վճարովի ելք` գանձելով կրկնակի շատ տրանզիտային գումար, քան Ադրբեջանից»,– պարզաբանեց տնտեսագետը։
Անդրադառնալով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղամեմիի հայտարարությանը, ըստ որի` Իրանը պատրաստ է բավարարել տարածաշրջանի դեպի ծով ելք չունեցող 8 երկրների տարանցիկ կարիքները, Մանասերյանն ընդգծեց, որ մեր հարևան երկիրն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման հայտարարությամբ և իսկապես աջակցում է Հայաստանին` իր նավահանգիստներով ուղևորների ու բեռների փոխադրման հարցում ընձեռելով պատշաճ հնարավորություններ, հետևաբար անհրաժեշտ է սերտացնել Իրանի հետ հարաբերությունները։
«Հայաստանը, ըստ էության, այս պահին բարեկամներ չունի, որովհետև բարեկամների հետ պետք է ամենօրյա բարեկամական շփումներ ունենալ, ոչ թե նրանց մասին հիշել դեպքից դեպք, երբ գտնվում են կարիքի մեջ։ Իրանը մեզ համար, անշուշտ, բնական դաշնակից է»,– ասաց տնտեսագետը։
Մանասերյանի կարծիքով` դեպի ծով ելք չունեցող երկրները կարող են օգտագործել իրենց տարանցիկ ներուժը, մինչդեռ Հայաստանում այդ մասին խոսում են վաղուց, սակայն իրականում ցուցաբերում են դիլետանտական մոտեցում։ Ըստ նրա` շատ կարևոր է ունենալ պատշաճ ենթակառուցվածքներ` աշխարհագրական առումով սպասարկելու այն դիրքը, որում գտնվում է մեր պետությունը, բայց եթե չկան այդ ենթակառուցվածքները, ապա ոչ ոք չի նախընտրի մեր երկիրն այլ երկրների փոխարեն։
Տնտեսագետի համոզմամբ` իրավիճակը շտկելու համար արդյունավետ քայլեր չեն արվում, և առկա իրավիճակն առավել քան խոսուն է։
Նշենք, որ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում իր աշխատանքներն է սկսել Միջազգային տրանսպորտային համաժողովը, որին հիմնականում մասնակցում են դեպի ծով ելք չունեցող երկրների ներկայացուցիչները։ Համաժողովի շրջանակում մտքերի և փորձի փոխանակում է տեղի ունեցել ԱՄԷ-ի, Չինաստանի, Պակիստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Զամբիայի, Մալավիի, Բուրկինա Ֆասոյի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Հայաստանի, Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի և Վրաստանի տրանսպորտի նախարարների ու փոխնախարարների մակարդակով։
Այսօր 44 պետություն կա, որոնք ելք չունեն դեպի բաց ծով։ Համաձայն Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի` դեպի ծով ելք չունեցող պետությունները դեպի բաց ծով ելք ունենալու իրավունք ունեն, որն իրականացվում է պետությունների միջև կնքված համաձայնագրերով և պայմանագրերով։
Դեպի ծով ելք չունեցող պետությունները կարող են ունենալ նավեր՝ իրենց դրոշներով, որոնք կարող են տեղակայված լինել այլ պետությունների նավահանգիստներում։ Նշված կոնվենցիայի համաձայն`բաց ծովում այդ պետություններն ունեն բոլոր հավասար իրավունքները։