ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում սգո մատյաններ են բացվել. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ շենքը օգոստոսի 17–ին
Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 17-ին և օգոստոսի 18-ին սգո օրեր են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին նվիրված սգո օրերի առնչությամբ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում սգո մատյաններ են բացվել։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի («Սուրմալու» առևտրի կենտրոն) տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ ՀՀ–ում հայտարարված սգո օրերի առթիվ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ»,- հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-ին և 18-ին հայտարարվել են սգո օրեր։ Սգո օրերի ժամանակ հանրապետությունում խոնարհվում են պետական դրոշները, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։