Մեր իրավակիրառ պրակտիկայում անձնական տվյալների պաշտպանության հարցը նախադեպային առումով ընդգրկուն չէ. մինչև այժմ եղել են Վճռաբեկ դատարանի մեկ-երկու որոշումներ, և օրենսդրությունն արտակարգ իրավիճակներում մահացած մարդկանց լուսանկարների տարածման արգելք չի նախատեսում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրավագետ Գոհար Մելոյանը։
Նշենք, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խնդրահարույց է համարում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների լուսանկարների հրապարակումը` պնդելով, որ մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու դեպքերում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը հստակ նշի նպատակը և գնահատի՝ արդյոք առկա՞ է հանրային այնպիսի շահ, որպեսզի տարածվի մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն։
«Կոնկրետ դեպքերի համար ընդհանրական մեկնաբանություն կամ որակում տալը ներհայաստանյան, ներպետական օրենսդրության համատեքստում մի փոքր իրատեսական չէ։ Արդարադատության նախարարությունում գործող անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ունի մշակած մի շարք մեթոդական ցուցումներ, որոնցում ավելի մանրամասն ներկայացված դրույթների և իրենց լայն փորձի համատեքստում կարող են կոնկրետ դեպքերի վերաբերյալ տալ որակումներ, բայց այս դեպքում իրավական ընդհանրական որակումը, թե օրենք է խախտվում, իրատեսական չէ»,- ասաց իրավագետը։
Մելոյանի կարծիքով` իրավիճակն ունի նաև բարոյական բաղադրիչ, ինչն արդեն այլ հարթության մեջ է դիտարկվում, և յուրաքանչյուր անձ պետք է ինքն իր մեջ կայացնի որոշում, թե արդյոք նման ողբերգական իրավիճակներում արժե՞ զոհերի նկարները նման ձևաչափով տարածել։ Ըստ նրա` կլինեն մարդիկ, որոնք կունենան շահադիտական նկրտումներ, բայցևայնպես, մեր հայրենակիցների մեծամասնությունը, Մելոյանի համոզմամբ, սգալու միտումով է տարածում մարդկանց լուսանկարները։
«Ֆեյսբուքում առկա է զուգահեռ իրականություն, որում ապրում են շատերը, որտեղ տեղի են ունենում գործընթացեր, փոխվում է իշխանություն, և այդ ամենը մեծ հետք է թողնում այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում այսօր։ Ամեն դեպքում` իրավական բաղադրիչի տեսանկյունից ընդհանրական պատկերին հստակ գնահատական տալը հնարավոր չէ, ուստի յուրաքանչյուր դեպքին պետք է ցուցաբերել անհատական մոտեցում` լուսանկար տարածողին պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու համար»,- նշեց իրավագետը։
Մելոյանն, այդուհանդերձ, խորհուրդ տվեց սոցիալական ցանցերում չտարածել զոհերի լուսանկարները, որովհետև դա կարող է հոգեբանական տեսանկյունից վատ ազդել նրանց հարազատների վրա, էլ չասած՝ լուսանկարների ներքո զետեղվող մեկնաբանությունների մասին, որոնք նույնպես կարող են կրկնակի ցավ պատճառել մերձավորներին կորցրած մարդկանց։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 2 մարդ որոնվում է։