Արգելենք հրավառությունն ընդհանրապես. բիզնեսի շահերը չպետք է գերակայեն

Տոնական հրավառություն «Երևան Սքեյթ Պարկի» բացման համերգի ժամանակ. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում կատարվածն, իհարկե, դեռ պետք է մանրակրկիտ հետաքննվի, բայց նախնական տվյալներով, ողբերգության պատճառը հրավառության պարագաների խանութում տեղի ունեցած պայթյունն է։
Sputnik
Բոլորը գիտեն, որ նույնիսկ կենցաղային օգտագործման համար նախատեսված այդ պարագաները վտանգավոր են։ Հենց այս տարվա Ամանորին 11-ամյա Մինասը առանց ծնողների իմացության խանութից գնել և Նոր տարվա գիշերը տան բակում գործի էր դրել հրավառության միջոցը։ Հետևանքը ինքն է նկարագրել. «Տրաքեց, մեկ էլ աստիճաններով բարձրացա, տեսա մատս չկա»։ Տղայի ծնողները վստահ են՝ եթե ուժեղ հսկողություն ու օրենսդրական կարգավորումներ լինեին, ինչպես տարբեր երկրներում է, էսպիսի բան չէր պատահի։
Աշխարհի բազմաթիվ պետություններում, իրոք, խիստ սահմանափակումներ են գործում։ Եթե հրավառության պարագաները վաճառվեին միայն 18 տարեկանից բարձր երեխաներին, ինչպես, օրինակ, Գերմանիայում, Նորվեգիայում, Լեհաստանում և տասնյակ այլ երկրներում, 11-ամյա Մինասը երբեք չէր կարող հրավառության պարագաներ գնել։
Որոշ երկրներում արգելվում են հրավառության կոնկրետ տեսակներ։ Այլ պետություններում հրավառությունը թույլատրվում է միայն Նոր տարվան և ազգային տոների օրերին։ Մեզ մոտ տիրող իրավիճակը շատ պատկերավոր է ներկայացնում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը. «Մեր երկրում, երբ միջադեպ է պատահում, ասում ենք՝ վա՜յ, էս ինչ վատ բան եղավ, անպայման պիտի լուծենք այս պրոբլեմը, ծափահարությունների ենք արժանանում ու… մոռանում ենք պրոբլեմի մասին մինչև նոր միջադեպը»։
Իսկապես, չլիներ օրենսդրական բացը հրավառության պարագաների արտադրության, վաճառքի և օգտագործման հարցում, երևի չէր կատարվի նաև «Սուրմալուի» ողբերգությունը։
Տեսե՛ք։ Դեռ երեք տարի առաջ առողջապահության նախարարությունը մի օրինագիծ էր նախապատրաստել, որով առաջարկում էր արգելել ճայթուկների վաճառքը, իսկ հրավառություն իրականացնել միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա։ Բայց անցավ որոշ ժամանակ, և նախագծի մշակումը հանձնարարվեց էկոնոմիկայի նախարարությանը։ Երևի կռահեցիք, թե ինչու՝ փողի հարց կար։ Նախարարությունում չեն էլ թաքցնում՝ օրինագիծը քննարկվել է տնտեսվարողների հետ, որոնք բողոքել են՝ ախր եթե արգելվի հրավառության պարագաների վաճառքը, մեր եկամուտները խիստ կնվազեն։ Եվ օրինագիծը մնաց օդում կախված։ Ա՛յ այսպես, կրկին հաղթեցին բիզնես շահերը։ Ինչպես միշտ։
Եվ իհարկե, կա այդ պարագաների հետ կապված մեկ այլ խնդիր, որի հետ առնչվել ենք անխտիր բոլորս, երբ գիշերվա կեսին վախեցած վեր ենք թռել անկողնուց՝ կրակո՞ւմ են, թե՞ հարևանի ծնունդն է։ Հայաստանի ոստիկանությունը դեռ երկու տարի առաջ արձանագրել է.«Խնջույքներն աղմկոտ ու գունեղ հրավառությամբ եզրափակելը մեր առօրյայի անբաժանելի մասն են։ Օրենքը չի արգելում հրավառություն իրականացնել, բայց այն արգելվում է գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել լռության կանոնները։ Օրենքը սահմանում է, որ գիշերային ժամանակի ընթացքում՝ ժամը23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100 հազար դրամի չափով։ Եթե հրավառությունն իրականացվում է հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցառեստորանային համալիրների, ժամանցի և զվարճանքի վայրերի տնօրենության կողմից, ապա զանցանքն առաջացնում է տուգանքի նշանակում` 300 հազար դրամի չափով»։
Վերջում էլ ոստիկանությունը հայցում է մեր` շարքային քաղաքացիների աջակցությունը. «Բնակիչներին հորդորում ենք գիշերային ժամերին հրավառության ականատես լինելու դեպքում անմիջապես զանգահարել ոստիկանություն։ Մեր ծառայողները արագ կարձագանքեն, ինչը հնարավորություն կտա իրավախախտին հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել»։ Կներե՛ք, այս վերջինը բավական կասկածելի է։ Եթե հրավառություն իրականացնողներն իրոք վախենային պատասխանատվությունից, դժվար թե ամեն օր լսեինք նրանց կրակահերթերը ու մտածեինք՝ տո ա՛յ…, ավտոմատը վերցնեիր, գնայիր առաջնագծում էսպես կրակեիր։
Դուք երևի չեք կարդացել Հայաստանի երրորդ հանրապետության Երևանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» գիրքը, որը նա գրել է, երբ «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ նստած էր մոսկովյան բանտում։ Շատ դիպուկ դիտարկում կա այդ գրքում՝ երևի չկա աշխարհում այնպիսի ազգ, որը հրավառությունները սիրեր այնքան, որքան հայերն են սիրում։ Նախկին քաղաքապետի արձանագրած իրողությանը հաստատ տեղյակ են նաև Հայաստանի իշխանությունները։ Եվ այդ դեպքում տրամաբանական հարց է ծագում՝ բա ինչո՞ւ չեն կանխվում ողբերգական հետևանքներով պատահարները, ինչո՞ւ ենք ստիպված լինում գիշերվա կեսին մասնակցել ինչ-որ մեկի անվերջանալի թվացող կրակոցներով համեմված քեֆին։ Միգուցե այս վերջին ողբերգական իրադարձությունը առիթ դառնա, որպեսզի լրջորեն մտածենք հրավառությունն ընդհանրապես արգելելու մասին։
ՔԿ–ն հորդորում է չօգտագործել «Սուրմալուից» գնված հրավառության նյութերը