ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ ԱՄՆ-ն նորմալ է համարում Ռուսաստանում «Արևելք-2022» առաջիկա զորավարժություններին մի շարք երկրների, այդ թվում՝ ՉԺՀ-ի մասնակցությունը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ճանաչում է զորավարժություններին մասնակցելու ինքնիշխան իրավունքը:
«Որքան ես հասկանում եմ, խոսքը համատեղ զորավարժությունների մասին է, որոնց, բացի Ռուսաստանից և Չինաստանից, կմասնակցեն նաև մի շարք այլ երկրներ: Պետություններն իրենք են ընդունում իրենց սեփական ինքնիշխան որոշումները։ Դա նրանց բացարձակ իրավունքն է»,- ասել է Փրայսը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել առաջիկա զորավարժությունները։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Արևելյան ռազմական օկրուգի զորքերը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը կանցկացնեն «Արևելք-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքը: