Ելենա Պոպովա, ՌԻԱ Նովոստի
Եվրամիության ավելի ու ավելի շատ անդամներ են աջակցում ռուսաստանցիներին շենգեն վիզաներ տրամադրելու արգելքին։ Արդեն իսկ սահմանափակումներ են մտցրել Մերձբալթյան երկրները, Լեհաստանը, Չեխիան, Բելգիան և մյուսներին կոչ են անում հետևել իրենց օրինակին։ Առաջարկը կքննարկեն օգոստոսի վերջին, ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ։ Արդյո՞ք երկաթե վարագույրը կփակվի Ռուսաստանի համար` ՌԻԱ Նովոստիի հոդվածում։
Վհուկաորս
Ռուսաստանի քաղաքացիների համար շենգեն վիզաների հարցը ամենաքննարկվող հարցերից է դարձել ինչպես քաղաքականության, այնպես էլ էթիկայի տեսանկյունից։ Օգոստոսի 14-ին միաժամանակ երկու երկիր` Լեհաստանն ու Լատվիան, հայտարարեցին, որ նախաձեռնությունը հանելու են եվրոպական մակարդակի։ Վարշավան միջոցառումների համապատասխան համալիր է մշակում։ Իսկ Ռիգայում հակված են վերանայել հանրապետությունում արդեն տրամադրված մուտքի և բնակության իրավունքի թույլտվությունները։ Կրակին յուղ լցրեց Էստոնիայի վարչապետ Կաի Կալլասի արտահայտությունն այն մասին, թե «Եվրոպա այցելելն արտոնություն է, ոչ թե մարդու իրավունք»։
Գաղափարը պաշտպանող պետությունների ցանկը սրընթաց աճում է։ Հիմա տասը պետություններ փակել կամ բարդացրել են ռուսաստանցիների մուտքն իրենց տարածք ։ Օգոստոսի 18-ից սահմանափակել են հենց Էստոնիայի տված թույլտվություններ ունեցող ռուսաստանցիների մուտքը։ Չեխիան դեռևս փետրվարի 25-ին սահմանափակումներ էր մտցրել Ռուսաստանի, այնուհետև Բելառուսի քաղաքացիների համար։ Նույն կերպ վարվեցին նաև Սլովակիան, Բելգիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Դանիան, Լատվիան և Լիտվան։ Այնտեղ կարելի է հասնել, բայց միայն այլ երկրներից` տուրիստական «շենգենով»։
Ընդ որում, արգելքի կողմնակիցները տարբեր փաստարկներ ունեն։ Եթե Էստոնիայում կարծում են, որ ռուսաստանցիները սպառնում են երկրի ներքին անվտանգությանը, ապա Լատվիայում համոզված են` հարկավոր է որքան հնարավոր է շատ ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների վերադարձնել Ռուսաստան։
«Ես, իհարկե, գիտեմ, որ մի շարք եվրոպական երկրներ, որտեղ ռուս զբոսաշրջիկները մեծ գումարներ են թողնում, նման առաջարկությունից չեն ուրախանա։ Գերմանիայի կանցլերը ևս կասկածներ է հայտնել այդ կապակցությամբ։ Սակայն ես կարծում եմ, որ անհրաժեշտ է խոսել այդ մասին։ Սկզբունքորեն»,–ասել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ «իրենց անբարյացակամության մեջ շատ երկրներ ինքնամոռացության են հասնում և անում են այնպիսի հայտարարություններ, որպիսիք մենք բառացիորեն 80 տարի առաջ լսում էինք Եվրոպայի կենտրոնից, որոշ եվրոպական երկրներից»։ Նրա կարծիքով` ժամանակի ընթացքում առողջ բանականությունն այնումենայնիվ ինչ–որ կերպ կարտահատվի, և նրանք, ովքեր հանդես են եկել այդպիսի հայտարարություններով, ուշքի կգան։
Չենք աջակցում, բայց չենք էլ մեղադրում
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերը հայտարարել է, որ Եվրամիության վիզային օրենսգրքում կարճաժամկետ վիզաների տրամադրման դադարեցման հնարավորություն նշված չէ։ Նա պարզաբանել է, որ միշտ էլ կա քաղաքացիների կատեգորիա, որոնց վիզա պետք է տրամադրեն. մարդասիրական դեպքերում, ընտանիքի անդամներին կամ լրագրողներին։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արդեն հայտարարել է, որ դժվարությամբ է պատկերացնում նախաձեռնության մեխանիզմը, քանի որ «սովորական քաղաքացիները պատասխանատվություն չեն կրում Ուկրաինայի իրադարձություների համար», իսկ զանգվածային հակառուսական պատժամիջոցները բազմաթիվ, բազմաթիվ կոնկրետ մարդկանց են առնչվում։
ԵՄ արտաքին գործերի նախարարներն օգոստոսի վերջին Պրահայում կքննարկեն վիզաների տրամադրման արգելքը, որը կվերաբերի ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ուսանողներին և եվրոպական երկրների քաղաքացիների ազգականներին:
Եվրամիությունն ակտիվորեն ծայրահեղական միջոցառումների է դրդում Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ «անհրաժեշտ է մեկուսացնել Ռուսաստանի բնակչությանը»։ Երկրից մեկնած ընդդմիադիրներին նա առաջարկում է դիմել փախստականի կարգավիճակի համար։
«Բարդակ ու վինեգրետ»
«Տեղաշարժի ազատությունը մարդու իրավունքների հիմնարար հիմքերից մեկն է,–ասում է քաղաքագետ Սերգեյ Մարկովը,–այն կոպտորեն խախտելու կոչերը գլոբալ քաղաքականության մեջ եվրոպական քաղաքակրթության դերի դեմ ելույթ են»։
ԵՄ–ում խնդրի նկատմամբ վերաբերմունքի տարբերությունը նա բացատրում է ռուսատյացության մակարդակով։ Արևելյան Եվրոպայի երկրներում, որտեղ գոյություն ունի ոչ քաղաքացիների ինստիտուտը, Ռուսաստանի վրա հարձակումներն ավելի վառ են արտահայտվում։
Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտի եվրոպական իրավունքի ամբիոնի դոցենտ Նիկոլայ Տոպորինը ընդգծում է, որ միասնական կանոն ընդունելու համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր անդամների համաձայնությունը։
«Շենգենում ներքին սահմաններ չկան, բայց կան արտաքին սահմաններ, որոնք կանոնակարգում է Շենգենյան օրենսգիրքը։ Ներկայումս մոտ 10 երկիր, հիմնականում ոչ մեծ երկրներ, հանդես են գալիս ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը դադարեցնելու օգտին։ Առաջին «ծիծեռնակը» դարձավ Էստոնիան, որն արգելեց արտաքին սահմանով մուտքն իր տարածք։ Մյուս պետությունները կա՛մ դիրքորոշում չեն հայտնում, կա՛մ խոսում են այդպիսի միջոցներից իրենց դժգոհության մասին»,–նշում է փորձագետը։
Տոպորինը նշում է, որ իրավիճակն աբսուրդային կլինի, անգամ եթե ամբողջ շենգենյան գոտուց միայն մեկ երկիր շարունակի ներս թողնել ռուսաստանցիներին։ Օրինակ` Էստոնիան հիմա արգելել է մուտքն այն վիզաներով, որոնք հենց ինքն էլ տրամադրել է։ Բայց այնտեղ կարելի է մուտք գործել Լատվիայով։
«Էստոնացիները հայտարարել են, որ չի կարելի սահմանը հատել իրենց վիզաներով, բայց լատվիական կամ ֆիննական վիզայով արգելված չէ։ Եթե միասնական կարծիքի չգան, կստացվի վինեգրետ և լիակատար անհեթեթություն։ Որոշ երկրներ սահմանափակումներ կհնարեն, իսկ մյուսները կասեն, որ պատրաստ չեն դրան»։
Սակայն կարող են այլ բարդություններ առաջանալ. Ռուսաստանն ընդամենը երեք ցամաքային սահման ունի Եվրամիության հետ` Էստոնիայի, Լատվիայի և Ֆինլանդիայի սահմանները։ Եթե նրանք փակեն իրենց տարածքը ռուսաստանցիների համար, դա լրջորեն կբարդացնի մուտքը Եվրոպայի այլ պետություններ։