«Սուրմալուի» պայթյունից հետո 140 անձ է հոգեբանական աջակցության համար դիմել հայկական ԿԽ-ին

Աննա Եղիազարյան
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այս պահին ներգրավված է ՀԿԽԸ 50 կամավոր և աշխատակազմի անդամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայկական Կարմիր խաչ ընկերությունը (ՀԿԽԸ) շարունակում է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին և նրանց հարազատներին հոգեբանական աջակցություն և առաջին բուժօգնություն տրամադրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր խաչ ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։

«Երեք օրվա ընթացքում հոգեբանական աջակցության համար մեզ դիմել է 140, իսկ առաջին բուժօգնության համար` 110 մարդ։ Դիմողների թիվն այսօրվա դրությամբ նվազել է, քանի որ միայն 2 օրում մոտ 120 հոգի էր դիմել հոգեբանական աջակցություն ստանալու համար, և հիմնականում դիմում են տուժածների հարազատները։ Փրկարարներն էլ են օգնության կարիք ունենում` ճնշման, գլխացավի, այրվածքների, մենք արձագանքում ենք այդ ամենին»,- նշեց Եղիազարյանը։

Առևտրի կենտրոնի տարածքում այս պահին ներգրավված է ՀԿԽԸ 50 կամավոր և աշխատակազմի անդամ, երեկ նրանք 90-ն էին։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
16 զոհերից 13-ի ինքնությունը պարզվել է. Հայկ Կոստանյան