ՌԱԴԻՈ

«Սուրմալուի» պայթյունի պատճառով փոխհատուցում կստանան ԿԱՍԿՈ պայմանագիր ունեցող վարորդները

Փաստաբան Վերոնիկա Ալեքսանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասված և շարքից դուրս եկած մեքենաների փոխհատուցման խնդրին։
Sputnik
Միայն ԱՊՊԱ պայմանագրի առկայությամբ տրանսպորտային միջոցների տերերը «Սուրմալուի» պայթյունի պատճառով իրենց վնասված մեքենաների համար չեն կարող ստանալ փոխհատուցում, քանի որ դա տրվում է բացառապես ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Վերոնիկա Ալեքսանյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայթյունի հետևանքով ընթանում է նախաքննություն, և այս պահին չկա հստակ տեղեկություն այն մասին, թե արդյոք հրդեհային անվտանգության կանոնների՞ խախտման արդյունքում են վնասվել մեքենաները, թե այլ դեպքի առթիվ, ուստի դժվար է որևէ բան ասել։ Բայց եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օրինական օգտագործողն ունի ԿԱՍԿՈ պայմանագիր, ապա տվյալ պարագայում դա փոխհատուցվում է, քանի որ նշված պայմանագիրը նախատեսված է նաև նման դեպքերում (պայթյուն, հրդեհ, տարերային աղետ) փոխհատուցում հատկացնելու համար։ Տվյալ դեպքում տարանջատում չկա` մեքենան պատկանում է առևտրային տաղավարի սեփականատիրո՞ջը, թե՞ ուղղակի այլ ֆիզիկական անձի»,- ասաց փաստաբանը։

ԿԱՍԿՈ պայմանագրի առկայության պարագայում վնասված մեքենաների տերերը պետք է դիմեն իրենց ապահովագրական ընկերությանը, որպեսզի ստանան հասանելիք փոխհատուցումը։
Ալեքսանյանի խոսքով` ԿԱՍԿՈ ապահովագրության պարագայում կան կանոններ, որոնք քաղաքացիները պետք է պահպանեն, իսկ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները պետք է հաշվի առնեն նման աղետով պայմանավորված հանգամանքները։
«Նախաքննության արդյունքներից պարզ կդառնա, թե ովքեր են հանդիսանում տուժող և մեղավոր կողմերը, ուստի այն անձինք, ովքեր ունեն ԱՊՊԱ պայմանագիր, տվյալ պարագայում, եթե տուժող են ճանաչվում, կարող են հետագայում քաղհայցով դիմել դատարան` վնասի փոխհատուցման պահանջով։ Այսինքն` երբ պարզվեն քրեական գործի հանգամանքները, այստեղ հարցը կլուծվի իրավական հարաբերություններով»,- ասաց Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 3 մարդ որոնվում է։