«Սուրմալու» առևտրի կենտրոնում շուրջ 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել. ԱԻ նախարար

ԱԻ նախարարը «Սուրմալուում»
Փամբուխչյանը հայտնել է, որ ավերված շենքի ներքին հատվածի շուրջ 50-60 տոկոսն արդեն մաքրված է, պահեստային նյութերը, այդ թվում` պայթուցիկները այդ հատվածից հեռացվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում շուրջ 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Նախնական գնահատականներով` մինչև 4 տոննա է եղել։ Այդ ապրանքը մոտավոր այդքան է գնահատվում»,– ասաց նա։
Նախարարը նաև հայտնեց, որ ներկա պահին առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ նյութեր ենթադրաբար չեն մնացել, նոր պայթյունի վտանգ չկա։
Նման եզրակացության համար հիմք է ծառայում նաև այն հանգամանքը, որ, եթե նախորդ օրերին հրդեհին զուգահեռ պայթյուններն ու ճայթյունները շարունակվում էին, ապա այսօր այդպիսիք այլևս տեղի չեն ունեցել։
Փամբուխչյանի խոսքով` ավերված շենքի ներքին հատվածի շուրջ 50-60 տոկոսն արդեն մաքրված է, պահեստային նյութերը, այդ թվում` պայթուցիկներն այդ հատվածից հեռացվել են։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է։ Երկու անձի դեռևս որոնում են։