Ռումբի առկայության մասին նամակն այսօր ստացվել է ԱԻՆ-ի էլեկտրոնային հասցեին. Կոստանյան

ԱԻն աշխատակիցներ. Արխիվային լուսանկար
Մինչ այդ նախորդ նամակները ուղարկվում էին Երևանի քաղաքապետարանի հասցեով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ռումբերի մասին այսօրվա կեղծ ահազանգը ստացվել է ԱԻՆ քարտուղարության էլեկտրոնային հասցեին։ Լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով վերջին օրերին ստացված ահազանգերը, հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Այդ տեղեկատվությունը մեծ մասամբ փոխանցվում է էլեկտրոնային նամակների միջոցով։ Վերջին շրջանում հիմնականում ուղարկում էին Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին։ Այսօրվա նամակը փոխանցվել է ԱԻՆ քարտուղարությանը։ Այս անգամ մեզ է ուղղված եղել»,- ասաց Կոստանյանը։

Թե որ երկրից են Հայաստան ուղարկվում նման բովանդակությամբ նամակները, մամուլի քարտուղարը տեղեկություն չունի։
Ավելի վաղ հաղորդել ենք, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 10:05-ին ահազանգ է ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Ավելի ուշ ռումբի մասին ահազանգ եղավ նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մասին։ Ժամը 13-ի շրջանում հաղորդվեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ ոչինչ չի հայտնաբերվել։ Ժամը 15։00-ից վերականգնվեց նաև մետրոպոլիտենի աշխատանքը։