Քննչական խումբը սկսել է աշխատել «Սուրմալուի» պայթյունի վայրում

«Սուրմալուն» պայթյունից հետո. Արխիվային լուսանկար
Դատախազությունը վստահեցնում է` հարցաքննվելու են Սուրմալու տոնավաճառի տնօրենության ներկայացուցիչները և աշխատակիցները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով նախաձեռնված վարույթի շրջանակում այսօր առավոտյան ժամը 10.30-ից քննիչները և փորձագետները դեպքի վայրի առաջին մասնակի զննություն են իրականացրել։
Ինչպես հայտնում են ՀՀ դատախազությունից, դեպքի վայրում դեռ շարունակվում են հովացման, փրկարարական-որոնողական աշխատանքները, ինչի պատճառով հնարավոր չի եղել մոտենալ հրդեհի և պայթյունի առաջացման առաջնային օջախին՝ պատճառներին վերաբերող տվյալների ձեռքբերման նպատակով անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար:
Ըստ դատախազության` դրանք կիրականացվեն տարածքում առաջնային միջոցառումների ավարտին` հնարավոր փլուզումների վտանգը չեզոքացնելուց և անվտանգության բավարար պայմաններ ապահովելուց հետո:

«Նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացվում են դեպքի բոլոր հանգամանքները, հատկապես պայթյունի առաջացման պատճառները, շինության կարգավիճակը, պարունակությունը, դրանց պահպանության իրավաչափության, տարածքում անվտանգության և հակահրդեհային կանոնների պահպանվածության վիճակը, պատասխանատու անձանց շրջանակը հստակեցնելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դատախազությունը հայտնում է նաև, որ վարույթի շրջանակում քննչական խումբը պատասխանատուներից պահանջել է առևտրի կենտրոնում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին վերաբերող բոլոր տվյալները։ Առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքում տեղակայված բոլոր տեսաձայնագրող սարքերը:
Քրեական վարույթի շրջանակնում հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ անձինք, այդ թվում` տուժողներ և առևտրային տաղավարների սեփականատերեր:
«Հարցաքննվելու են նաև «Սուրմալու» տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները և աշխատակիցները»,- խոստանում է դատախազությունը:
Միաժամանակ նշվում է, որ իրականացվում են փլատակներից դուրս բերված անձանց մարմինների ճանաչման, նույնականացման աշխատանքներ: Նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաճարտարատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական, դատաձայնգրային, և դատահամակարգչատեխնիկական համալիր փորձաքննություն:

«Սուրմալուի» դեպքի վերաբերյալ այսօր անցկացված խորհրդակցությանը Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը հանձնարարել է նշանակել նաև դատապայթյունատեխնոլոգիական փորձաքննություն:

Դատախազության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ քննության առարկա են բոլոր վարկածները: Քննության ընթացքն ու ստացվող տվյալները պարբերաբար զեկուցվում են ՀՀ գլխավոր դատախազին, որի կողմից տրվում են հանձնարարություններ:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, դեռևս 3 մարդ որոնվում է։
«Սուրմալուի» հրդեհը մարվել է. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են