«Nemra» ռոք խումբը հետաձգել է առաջիկայում կայանալիք իր համերգները

«Նեմրայի» համերգը. Արխիվային լուսանկար
Համերգների տեղափոխված օրերի մասին խումբը կտեղեկացնի ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Nemra» ռոք խումբը հետաձգել է առաջիկայում կայանալիք իր համերգները. խումբը ինսթագրամյան իր էջում է գրառում արել` հայտնելով այդ մասին։
Հետաձգման պատճառը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունն է։
«Ողբերգության հետ կապված էլ որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին նախատեսված մեր համերգը Երևանում, ինչպես նաև օգոստոսի 20-ին նախատեսված մեր համերգները Գյումրիում և Դիլիջանում։ Խորապես ցավակցում ենք հարազատ կորցրած ընտանիքներին, իսկ վիրավորում ստացած անձանց ցանկանում ենք շուտափույթ ապաքինում»,–ասված է գրառման մեջ։
Նշվում է նաև, որ համերգների տեղափոխված օրերի մասին կտեղեկացնեն ընթացքում:
Հիշեցնենք, որ երեկ իր համերգը հետաձգելու մասին էր հայտնել նաև հայտնի երգիչ Արամ MP3-ն։ Համերգի չեղարկման պատճառը կրկին «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական դեպքն է։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ 16 մարդ մահացել է 4 հոգի որոնվում է։
Երևանի ԲԿ–ներ 3 օրվա ընթացքում դիմել է 62 քաղաքացի, սակայն այժմ ստացիոնար բուժում ստանում է 7 անձ։