ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում վերջին շրջանում արձանագրված զարգացումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պապիկյանն ու Շոյգուն հանդիպել են միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան X համաժողովի շրջանակում։
Պապիկյանն ասել է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Կողմերը կարևորել են իրադրության հետևողական ու շարունակական կայունացման համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը` շեշտադրելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի դերակատարությունն այդ հարցում:
Նշվում է նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել հայ-ռուսական ռազմական համագործակցության ներկա մակարդակի առնչությամբ և քննարկել փոխգործակցության հետագա խորացման ծրագրերն ու հնարավորությունները: