Գյումրիում տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգի փաստով քրգործ է հարուցվել

Քննչական կոմիտե
Գևորգ Սարգսյան ներկայացած անձը զանգել է ոստիկանության և ասել, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի և Գյումրու տարածքային հարկային տեսչության շենքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Գյումրի քաղաքի բնակչի կողմից ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` պարզվել են այսօր և նախօրեին ահաբեկչության ու առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք վերաբերյալ կեղծ ահազանգեր կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
2022 թվականի օգոստոսի 15-ին և 16-ին հաղորդումներ են ստացվել, որ ՀՀ ոստիկանության Մուշի բաժին է զանգահարել Գևորգ Սարգսյան ներկայացած անձը և հայտնել, թե պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի, Գյումրու տարածքային հարկային տեսչության, ինչպես նաև այլ վարչական շենքեր:
Պարզվել է, որ ահազանգերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:
Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել կեղծ ահազանգեր կատարած անձի ինքնության վերաբերյալ, նա Գյումրի քաղաքի 62-ամյա բնակիչ է:
Գյումրի քաղաքի բնակիչը ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Նախաքննությունը շարունակվում է: