ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Գյումրիում հայտնաբերել են հարկային տեսչությունում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակին։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այսօր ահազանգ է ստացել, թե տարածքային հարկային տեսչությունում պայթուցիկ կա։
Ոստիկանությունը պարզել է, որ նույն անձը երեկ էլ է կեղծ ահազանգ տվել, թե պատրաստվում է պայթեցնել Ազգային ժողովի, ինչպես նաև Գյումրու հարկայինի շենքը:
«Ոստիկանության ծառայողները պարզել են քաղաքացու ինքնությունը: Գյումրու 63-ամյա քաղաքացին ոստիկանության Մուշի բաժնում հայտնել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և, չգիտակցելով արարքը, զանգել է ոստիկանություն, սակայն հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հաղորդագրությունում։
Քաղաքացին ներկայացվել է նախաքննական մարմին: