ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ներկա պահին ունենք 16 զոհ և 17 անհետ կորած. անհետ կորածների թիվը մեկով նվազել է, դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Որոնվող քաղաքացիներից մեկին առնչվող զանգ ենք ստացել, և մեզ ասել են, որ նա երկրում չէ։ Ամբողջ գիշեր աշխատել ենք և հիմա էլ ողջ ծավալով որոնողափրկարարական աշխատանքներ ենք իրականացնում»,- ասաց Փամբուխչյանը։
Նրա խոսքով` քանի դեռ հավանականություն կա, որ կարող է որևէ մեկին գտնեն փլատակներում, ծանր տեխնիկա չեն կիրառում այդ հատվածում։ Նախարարը նշեց, որ ներկա պահին 10 զոհերի ինքնությունը հաստատված չէ` որոշակի դատաբժշկական փորձաքննություն պետք է կատարվի։
Այս պահին, ըստ Փամբուխչյանի, հովացման աշխատանքներ են կատարվում։
Նախարարը հայտնեց նաև, որ առևտրի կենտրոնի սեփականատերերից մեկի հետ հանդիպում եղել է, նա տեղանքի հետ կապված մանրամասներ է տրամադրել։ Բացի այդ, որոշակի հատակագծեր են ուզել Կադաստրի կոմիտեից, որպեսզի նկուղային հատվածներում կարողանան զննումներ կատարել։ Փամբուխչյանը հավելեց, որ տարածքի 40 տոկոսն արդեն մաքրվել է։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 12-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։