ԱԻՆ–ը չի բացառում, որ փլատակներում լինեն մարդիկ, որոնց մասին տեղեկություն չեն ստացել

Հայկ Կոստանյան
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև փրկարարները համոզված լինեն, որ տեղանքում մարդ չի մնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Չի բացառվում, որ փլատակներում լինեն մարդիկ, որոնց մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն չի ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Գուցե փլատակներում լինի մարդ, որի մասին ինֆորմացիա մենք չենք ստացել։ Ամեն դեպքում տարածքի մաքրմանը զուգահեռ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվելու են»,– ասաց Կոստանյանը։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ 16 մարդ մահացել է, 3 հոգի որոնվում է։
Երևանի ԲԿ–ներ 3 օրվա ընթացքում դիմել է 62 քաղաքացի, սակայն այժմ ստացիոնար բուժում ստանում է 7 անձ։