Ահազանգ է ստացվել, որ ռումբ կա նաև «Զվարթնոց» օդանավակայանում

«Զվարթնոց» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Տարհանում իրականացվել է մետրոպոլիտենի կայարաններից, իսկ «Զվարթնոց» օդանավակայանից` ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ահազանգ է ստացել, որ ռումբ է տեղադրված նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ինչպես Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, անհայտ անձն ԱԻՆ քարտուղարության էլեկտրոնային փոստին նամակ է ուղարկել, որում նշել է, որ ռումբ կա ոչ միայն մետրոպոլիտենում, այլև «Զվարթնոց» օդանավակայանում։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 10:05-ին ահազանգ է ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

«Ներկա պահին երկու տեղում էլ աշխատում են սակրավորների և կինոլոգների խմբերը։ Տարհանում իրականացվել է մետրոպոլիտենի կայարաններից, իսկ «Զվարթնոցից»` ոչ»,- նշեց Կոստանյանը։

Հիշեցնենք` օգոստոսի 14-ին նույնպես ահազանգ էր եղել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չէին հայտնաբերվել։