ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները վերջին երկու ժամում ծանր հրետանիով մոտ 25 հարված են հասցրել Էներգոդարին և Զապորոժիեի ատոմակայանի շրջանին։ Տեղեկությունը հայտնել է Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Ռմբակոծում են Էներգոդարը։ Վերջին երկու ժամում ԱԷԿ-ի հատվածին և քաղաքի բնակելի թաղամասերին ծանր հրետանու մոտ 25 հարված են հասցրել 777 հրանոթներից»,- գրել է Ռոգովը իր Telegram-ալիքում։
Հատուկ գործողության ընթացքում ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մարզն ու Զապորոժիեի մարզի մերձազովյան հատվածը։ Երկու շրջաններում էլ նոր վարչակազմեր են ձևավորվել, հեռարձակվում են ռուսական հեռուստաալիքներ և ռադիոկայաններ, վերականգնվում են առևտրային և տրանսպորտային կապերը Ղրիմի հետ: Տարածաշրջանները հայտարարել են Ռուսաստանի կազմում ընդգրկվելու մտադրության մասին։ Բացի այդ, ութ տարի անց ապաշրջափակվել է Հյուսիս-Ղրիմյան ջրանցքը, ջուրը կրկին հասնում է թերակղզի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 173-րդ օրը։